Գիտնականները մեր գալակտիկայում գտել են սեւ խոռոչ, որը չպետք է գոյություն ունենա

Past.am

Չինացի աստղագետները մեր գալակտիկայում գտել են սեւ խոռոչ, որի գոյությունն իսկ չի տեղավորվում աստղային էվոլյուցիայի տեսություններից որեւէ մեկում։ Դրա զանգվածը առնվազն երկու անգամ գերազանցում է «թույլատրելի սահմանը», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զարմանալի օբյեկտը, որը ստացել է LB-1անվանումը, տեղակայված է Երկրից 15 000 լուսային տարի հեռավորությամբ եւ վերաբերում է աստղային զանգվածի սեւ խոռոչներին։ Այլ խոսքերով ասած՝ դա նախկին աստղ է, որը վերջացրել է իր ջերմամիջուկային վառելիքը եւ կտրուկ սեղմվել է իր սեփական գրավիտացիայի ազդեցության տակ։

LB-1-ի զանգվածը արեւի զանգվածին գերազանցում է մոտ 70 անգամ, եւ գիտնականները չեն կարող բացատրել, թե ինչպես է դա հնարավոր։

Առայժմ չինացի գիտնականները երկու հիմնական տեսություն ունեն։

Առաջինն այն է, որ LB-1-ը առաջացել է ոչ թե մեկ աստղի գրավիտացիոն կոլապսի, այլեւ երկու ավելի քիչ զանգվածով սեւ խոռոչների միաձուլման արդյունքում, որոնց գոյությունը կարելի է բացատրել առկա մոդելների շրջանակներում։

Երկրորդն այն է, որ պայթյունից հետո արտանետված մատերիայի մեծ մասը ինչ-որ պատճառներով չի քշվել աստղային քամու կողմից (ինչպես դա տեղի է ունենում սովորաբար), այլ ընկել է հետ աստղի վրա՝ վերածելով այն սեւ խոռոչի։ Տեսականորեն դա հնարավոր է, սակայն մինչ այսօր աստղագետները ոչ մի անգամ չեն հանդիպել նման դեպքերի։

Հարկ է նշել, որ LB-1-ը բոլորովին էլ ամենամեծ սեւ խոռոչը չէ, այլ ընդամենն ամենազանգվածայինը իր դասի մեջ։ Գերզանգվածային սեւ խոռոչները կարող են միլիարդավոր անգամ ծանր լինել Արեւից, սակայն դրանք ձեւավորման բոլորովին այլ մեխանիզմ ունեն։