Ինչո՞ւ հոթ դոգ, ինչո՞ւ հենց «տաք շուն»

Հոթ դոգը (անգլերեն` hot dog, բառացիորեն թարգմանվում է «տաք շուն») արագ սննդի տեսակ է, և իրենից ներկայացնում է նրբերշիկ` դրված հացի մեջ։ 

Այն սովորաբար մատուցվում է տարբեր լցոններով, ավելի հաճախ` կետչուպով, մայոնեզով կամ մանանեխով, և կարող է նաև պարունակել թարմ, տապակած կամ մարինացված բանջարեղեն, կանաչեղեն, պանիր և այլն։ 

Իսկ ե՞րբ է սկսվել այդ ուտեստի պատմությունը: Նրբերշիկների մասին առաջին հիշատակությունը կարելի է գտնել «Ոդիսականում», որը Հոմերոսը գրել է մեր դարաշրջանից առաջ 9-րդ դարում։ 

Պատմության մեջ դրանք հատուկ հռչակ են ձեռք բերել Ավստրիայում և Գերմանիայում, քանի որ այնտեղ դրանք ազգային խոհանոցի հիմքն են եղել։ Վիեննայում և Ֆրանկֆուրտում պատրաստված նրբերշիկները եղել են շատ հայտնի, ուստի և դրանք վաճառվել են աշխարհի մնացած երկրներում «Վիեններ» և «Ֆրանկֆուրտեր» անվանումներով:

 20-րդ դարի սկզբին գերմանացի ներգաղթյալների շնորհիվ նրբերշիկների պատրաստման տեխնոլոգիան մտել է ԱՄՆ: 

Իսկ թե ե՞րբ և ո՞վ է մտածել կտրել երկար հացը և նրա մեջ դնել նրբերշիկ, անհայտ է։ Սակայն հայտնի է, որ գերմանացի ներգաղթյալները, աչքի ընկնելով յուրահատուկ մաքրասիրությամբ, 1860 թվականին սկսել են նրբերշիկները վաճառել հացի կտորի վրա դրված: 

Սակայն քանի որ նրբերշիկները հաճախ հացի վրայից գլորվել ու գետնին են ընկել, մի անհայտ գյուտարար մտածել է հացը փոխարինել կիսված բուլկիով՝ ստանալով հոթ դոգ: «Հոթ դոգ» անվան ծագման մի քանի վարկած գոյություն ունի: 

Ենթադրաբար «հոթ դոգ» անվանումը առաջացել է «տաքսա» ցեղատեսակի շան հետ նրբերշիկների նմանությունից։ Ճշգրիտ կերպով «հոթ դոգ» անվանումը հայտնվել է 1934 թվականի մայիսին։ 

«Նյու Յորք Հերալդ» թերթը հրապարակել է մի ծաղրանկար, որում խանութի տերը վաճառում է նրբերշիկներ, իսկ նրա վերևի ցուցանակում գրված է «Get your red-hot dachshund sausages!»: Թարգմանաբար այդ արտահայտությունը մոտավորապես հնչում է այսպես՝ «գնեք կարմիր, տաք, շնանման նրբերշիկներ»: 

Ըստ վարկածի, այդ երշիկը ստեղծողն այն անվանել է Dachshundwurst (երշիկ-տաքսա), իսկ հետո այլ մասնագետները, լավ չհիշելով անունը՝ ուղղակի դարձրել են dachshund՝ «տաք շուն»: 

Սակայն խոհարարության պատմաբան Բերրի Պոպիկը պնդում է, որ «հոթ դոգ» տերմինը ծագել է 19-րդ դարի վերջին ուսանողական բանահյուսությունից։ ԱՄՆ-ի Եյլի համալսարանի ուսանողները նրբերշիկ վաճառելու համար նախատեսված բեռնասայլերին տվել են «շան բեռնասայլեր» անվանումը, քանի որ գայթակղիչ հոտերի պատճառով նրանց շրջակայքում մշտապես վխտացել են շների ոհմակներ: 

Պոպիկին անգամ հաջողվել է գտնել 1895 թվականին թողարկված ուսանողական մի թերթ, որտեղ նշվում է, որ ուսանողները նրբերշիկները անվանում են «տաք շներ»:

 Հոթ դոգը աստիճանաբար դարձել է հայտնի, քանի որ դրանք վաճառելու համար գործնականորեն հարմար է ցանկացած վայր, իսկ այն ուտել կարելի է նույնիսկ ոտքի վրա: 

1939 թվականին հասարակ մարդկանց այդ ուտեստը մտել է նաև ավելի բարձր խավի կյանք, երբ Ամերիկայի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Սպիտակ տանը բրիտանական միապետ Գեորգի 6-րդին հյուրասիրել է գարեջրով և հոթ դոգով: 

Ավելացնենք, որ Ֆրանկֆուրտը 1987 թվականին հանդիսավոր կերպով տոնել է հոթ դոգի 500-ամյակը: Ընդ որում, ապացույցը, որ պատմության մեջ առաջին «հոթ դոգը» պատրաստվել է 1487 թվականին Ֆրանկֆուրտում, ստեղծել են նրբերշիկների գերմանացի սիրահարները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը