Հայաստանում հաստատված սիրիացի գործարարները խթանել են նաև հայ-լիբանանյան առևտուրը. դեսպան

Հայաստանը և Լիաբանանը մեծ հաջողություններ են ունենցել 2015 թվականի առտրատնտեսական հարաբերություններում: Նման գնահատական տվեց Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարունը:«Սիրիայում պատերազմի բռնկումից հետո մեծ թվով սիրիացի գործարարներ են հաստատվել Հայաստանում, ովքեր լավ կապերի մեջ են լիբանանցի առևտրականների և գործարարների հետ: Այս հանգամանքը խթանել է առևտուրը Լիբանանի և Հայաստանի միջև»,- ասաց Մաքարուն:

Դիվանագետը գոհունակությամբ նկատում է, որ Հայաստանը գրավիչ երկիր է լիբանանյան ներդրողների համար: 2015 թվականի մայիսին լիբանանյան ընկերությունը Հայաստանում առաջին անգամ նախաձեռնել է գյուղատնտեսական հսկայածավալ նախագիծ: Gardeni Lebanese Farms LLC ընկերության հիմնադիր Նիկոլա Աբու Ֆայզալը Եղվարդում գնել է 100 հեկտար հողատարածություն, որտեղ 22 հեկտար տարածության վրա պեկան տեսակի ընկուզենիներ են տնկվել: «Հինգ տարուց Հայաստանը երկրորդ տեղը կզբաղեցնի պեկանի արտադրության ոլորտում` Միացյալ Նահանգներից հետո»,- ասաց նա: Պեկան տեսակի ընկույզ Հայաստանում առաջին անգամ է աճեցվում: Ակնկալվում է, որ մի քանի տարի հետո այգում մոտավորապես 3000 տոննա ընկույզ կարտադրվի և կարտահանվի այլ երկրներ:

Բացի այդ, վերջին տարիներին մայրաքաղաք Երևանում ավելացել է լիբանանյան խոհանոցների թիվը: Իսկ Բեյրութ-Երևան ուղիղ չվերթը, որոն ուղևորներին մեկ ժամում Երևանից հասցնում է Բեյրութ և հակառակ ուղղությամբ, ավելի է դյուրացնում առևտրային հարաբերությունները: «Ես հավատում եմ մասնավոր հատվածին: Լիբանանցիները հայտնի են իրենց մասնավոր գործունեությամբ: Երկու երկրների միջև առևտուրն ավելացնելու համար հուշագրերի կարիք չկա: Այս տարի ավելի լավ արդյունքներ են գրանցվել, քան նախորդ տարի»,- հավելեց դեսպանը:

Հայաստանում գործում են լիբանանյան կապիտալով 100-ից ավելի ընկերություններ, Հայաստանում լիբանանյան ներդրումների ծավալը, 2011թ. վերջի դրությամբ, կազմել է 103 մլն դոլար: ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքի համաձայն` 2014 թվականին Հայաստանից ապրանքների արտահանումը Լիբանան կազմել է 2 մլն 80.04 հազար ԱՄՆ դոլար, ներմուծումը` 1 մլն 424 հազար ԱՄՆ դոլար: 2013թվականին արտահանման ծավալները եղել են 300.5 հազար ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը` 1 մլն 814.3 հազար ԱՄՆդոլար: